Վենետիկում սկսվել է ավանդական կառնավալը
Հունվարի 27-ին ուշ երեկոյան Վենետիկում սկսվեց ավանդական կառնավալը` ամենահին, ամենաշքեղ ու ամենահայտնի կառնավալն աշխարհում: Ինչպես միշտ` սկիզբը ջրի վրա էր: 2018-ի կառնավալի թեման խաղն է, որ ամենատարբեր մեկնաբանություններ է ստանում` հանդերձներից մինչև «ավելի բարդ ձևեր` թատրոն, արվեստ կամ կրկես»` բացատրում են կառնավալի կազմակերպիչները: Կառնավալի արտ-տնօրեն Մարկո Մակապանիի խոսքով` Վենետիկ 2018-ը նվիրված է «կրկեսի հինավուրց արվեստին, որ գոյացել է վարպետությունից, ակրոբատիկայից, կախարդանքից ու հանդիսատեսի հիացմունքից»: Փառատոնի ծրագրում` դոժերի դեֆիլեն է, հանդերձների ու դիմակների մրցույթը, ցուցահանդեսներ ու համերգներ: Տոնը կշարունակվի մինչև փետրվարի 13-ը և կավարտվի Յուղոտ երեքշաբթի, որից հետո քրիստոնյաները սկսում են Մեծ պասը: Վարկած կա, որ կառնավալ բառն առաջացել է carne vale` «մնաս բարով, միս» արտահայտությունից: Մեկ այլ վարկածով կառնավալի հիմքում լատիներեն carrus navelis-ն է, որ նշանակում է «զվարճալի ձիակառք»: Կառնավալը ավանդաբար համընկնում է Festa delle Marie տոնին` ի պատիվ Իստրացի ծովահեններից փրկված վենետիկուհիների: 12 ամենագեղեցիկ վենետիկուհիները պետք է երթով անցնեն Սան Մարկո հրապարակով: Երթն ու դիմակների մրցույթը փետրվարի 3-ին է: Դիմակների մրցույթի հաղթողն ավանդաբար փետրվարի 4-ին կատարում է գլխավոր դերը «Հրեշտակի թռիչքում»` երբ աղջիկը հրեշտակի հագուստով ճախրելու է Սան Մարկոյի հրապարակի վրա: Ձմեռային կառնավալը մեռյալ սեզոնին Վենետիկ է բերում կես միլիոնից ավելի զբոսաշրջիկներ:
Ֆրանսիայի սոցիալիստները նախագահ կընտրեն 4 թեկնածուից
Հունվարի 27-ին Փարիզում Սոցիալիստների կուսակցության ազգային խորհրդի նիստում ընտրել են թեկնածուներին, որ մարտին կպայքարեն առաջին քարտուղար դառնալու համար: Սոցիալիստական կուսակցության Ազգային խորհուրդն ունի 309 անդամ, նրանք էլ ընտրել են առաջին քարտուղարի թեկնածուներին: Այդ կարգավիճակը ստանալու համար պետք են խորհրդի 16 անդամների ձայները: Նոր գլխավոր քարտուղարին կընտրեն երկու փուլով` մարտի 15-29-ին: Թեկնածուին կարող են քվեարկել կուսակցության բոլոր անդամները (102000 մարդ): Գլխավոր քարտուղարի թեկնածու են` 49-ամյա Օլիվիե Ֆորը` Ազգային ժողովում «նոր ձախ ուժերի» (սոցիալիստների) ղեկավարը, 57-ամյա Ստեֆան լե Ֆոլը` Ֆրանսուա Օլանդի մերձավորներից մեկը, գյուղատնտեսության նախկին նախարարը և կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, 46-ամյա պատգամավոր Լյուկ Կարվունասը և 44-ամյա եվրապատգամավոր Էմանուել Մորելը: AFP-ը ֆավորիտ է համարում Օլիվիե Ֆորին, որ իրեն հայտարարել է Սոցիալիստական կուսակցության «վերածննդի թեկնածու»:
Վերածնունդը, իհարկե, «մոխրից» է լինելու` խորագույն ճգնաժամից հետո: 2017-ը շրջադարձային էր երկու կուսակցությունների համար, որ կես դար ղեկավարում էին Ֆրանսիան: Ծանր ժամանակներ են ապրում և աջերը (այսօր նրանք կոչվում են հանրապետականներ) և սոցիալիստները: Աջերին վերջնականապես խորտակեց Ֆրանսուա Ֆիյոնի կոռուպցիոն սկանդալը, սոցիալիստներին` Ֆրանսուա Օլանդի անհաջող կառավարումը (համենայն դեպս` հիմա այդպես է կարծում ֆրանսիացիների մեծամասնությունը): Սոցիալիստների գործերն ավելի վատ են, քան աջերինը: Խորհրդարանական ընտրություններից հետո (2017, հունիս) սոցիալիստները Ազգային ժողովում ստացան ընդամենը 31 մանդատ, մինչդեռ նախորդ գումարման ժամանակ ունեին 290-ը: Խորհրդարանում մանդատների կորուստը ինքաբերաբար հանգեցրեց պետության կողմից կուսակցության ֆինանսավորման կտրուկ կրճատման, իսկ դա կուսակցության բյուջեի 80 %-ն էր: Սոցիալիստները ստիպված էին կրճատման ծրագիր ընդունել` 97 կուսակցական պաշտոնյաներից առաջիկայում 45-67-ը կկորցնեն աշխատանքը: 2017-ի դեկտեմբերի 20-ին կուսակցությունը 45,5 միլիոն եվրոյով վաճառեց Սոլֆերինոյի` Փարիզի ամենաբուրժուական շրջաններից մեկում գտնվող իր շտաբը, որի սեփականատերն էին 1981-ից, երբ իրենց թեկնածու Ֆրանսուա Միտերանն առաջին անգամ հաղթեց նախագահական ընտրություններում: Բայց հիմա Միտերանի «ոսկի ժամանակները» քչերն են հիշում: Վերջին 5 տարում կուսակցությունից հեռացան և շարքային անդամները` 1/3-ով կրճատվեց կուսանդամավճար մուծողների թիվը (մինչև 102000 մարդ): Նոր կուսակցապետի խնդիրն արտահոսքը կասեցնելն ու ընտրողներին գրավելն է` այն պահին, երբ նախագահ Մակրոնը գործում է` չհանդիպելով արհմիությունների ու քաղաքական հակառակորդների դիմադրությանը:
Մերկելը դատապարտել է հակասեմիտականությունը Գերմանիայում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 27-ին դատապարտել է հակասեմիտականության վերելքը երկրում: Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա իր ելույթում նա «ամոթալի փաստ» է որակել հրեական շենքերը հարձակումներից պաշտպանելու անհրաժեշտությունը. «Հակասեմիտականությունը, ռասիզմն ու ատելությունը որիշի նկատմամբ հիմա շատ ավելի հաճախ են դրսևորվում: Անթույլատրելի ու ամոթալի է փաստը, որ ոչ մի հրեական շենք` դպրոց, մանկապարտեզ կամ սինագոգ, առանց ոստիկանական պահպանության չի կարող գոյություն ունենալ»: Նա աջակցություն է հայտնել ապագա կառավարությունում հակասեմիտիզմի դեմ պայքարի հանձնակատարի պաշտոնի ստեղծմանը, և ասել է, որ հանձնակատար կլինի, եթե համաձայնեն սոցիալ-դեմոկրատները: Գերմանիայի իշխանությունները մտահոգ են հակասեմիտականության աճից և աջերի շրջանում, և մուսուլմանական երկրների միգրանտների, որտեղ հրեաների նկատմամբ ատելությունը սովորական է: Բեռլինում դեկտեմբերին ցույցի ժամանակ մասնակիցները այրում էին իսրայելյան դրոշներն ու բղավում հակասեմիտական կարգախոսներ:
RFI
Հ.Գ. Այսպիսին էր հունվարի 27-ը Վենետիկում, Փարիզում ու Բեռլինում: Բայց դա չի նշանակում, որ Իտալիայում, Ֆրանսիայում ու Գերմանիայում այլ հարցեր չկան: Կամ` Եվրոպայում: Չեխիան, օրինակ, հունվարի 28-ին Միլոշ Զեմանին նախագահ ընտրեց: Իտալիան պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, Ֆրանսիան բարեփոխումներ է անում երկրում ու փորձում է միասնական կառավարումը մեծացնել ԵՄ-ում, Գերմանիան դեռ կառավարություն է կազմավորում: Գերմանիայի կանցլերն ու Ֆրանսիայի նախագահը Դավոսում ջատագովում էին Եվրոպայի՝ որպես անկախ խաղացողի ամրապնդման անհրաժեշտությունը, որն ավելի ու ավելի քիչ է նայում ԱՄՆ-ին: Անգելա Մերկելն ասում էր, որ ազգային հովանավորչությունը «չի կարող պատասխան լինել համաշխարհային ճգնաժամերին» և կոչ էր անում ԵՄ-ին արտաքին քաղաքականության միասնությունը պահել խոշոր միջազգային խաղացողների տարաձայնությունների պայմաններում` նկատի ունենալով Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը: Կանցլերը կոչ էր անում համագործակցել հարևանների հետ, այլ ոչ թե ինքնամեկուսանալ: Եվ դա քար էր Թրամփի բանջարանոցում: Էմանուել Մակրոնը շեշտում էր Եվրոպայի ռազմավարության վերանայման անհրաժեշտությունը, երբ գլոբալացումը ճգնաժամ է ապրում: Նրա խոսքով՝ փոփոխությունները պետք է անդրադառնան տնտեսության, սոցիալական հարցերի, գիտության ու քաղաքականության վրա: Ասում էր` Ֆրանսիան վերադարձել է և թվարկում էր բարեփոխումների հինգ սյուները` մարդկանց կրթվածությունը, ներդրումների ու կապիտալի ավելացումը, բիզնեսում տեմպի աճը և ճկունությունը, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը, Ֆրանսիայի ներքին մշակույթի փոփոխությունը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նորարարական տեխնոլոգիաներն էր փառաբանում, բայց և սպառնալիքներն էր նշում։ Իսկ Դոնալդ Թրամփը նույն օրը հարցազրույց էր տալիս բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին ու խոստովանում, որ «շատ պրոբլեմներ ունի ԵՄ-ի հետ» ապրանքաշրջանառության հարցերում: Daily Mail-ը փոխանցել է նրա «բողոքը»` «Եվրամիությունը շատ անազնիվ է վարվում ԱՄՆ-ի հետ՝ առևտրի հարցերում»` ԱՄՆ արտադրանքը դժվարությամբ է մուտք գործում ԵՄ շուկա։ «Այնուամենայնիվ, իրենք ուղարկում են մեզ իրենց ապրանքը՝ առանց հարկերի, շատ փոքր հարկերով։ Դա շատ անարդար է»` գնահատել է Թրամփը և հանուն արդարության ասել, որ միայն ԵՄ երկրները չեն անազնիվ, բայց Չինաստանի անունը չի տվել: Ահա այսպիսի հունվարի 27:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ